Ինչ չգիտենք ավանդական հայկական հարսանիքի մասին



Հայերը միշտ մեծ նշանակություն են տվել նոր ընտանիքի ստեղծմանը։ Այն սկսվում է հարսանիքից, որը պետք է անպայման անցնի «շախով-շուխով»։

Դուք գիտեք, որ հնում հայ հարսնացուները հարսանիքի օրը երբեք սպիտակ չեն հագել, իսկ նշանված աղջիկը մատանի էր կրում ոչ միայն մատնեմատին, այլ նաև բթին։ Զարդը կարող էր լինել ոչ միայն ոսկուց, այլ նաև արծաթից։

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը պատմում է, որ հարսանեկան ծեսերը սկսվել են երիտասարդ զույգի կյանքի գլխավոր օրից շատ առաջ։ Հարսանիքի համար ջանք ու եռանդ, գումար չեն խնայել, իսկ փեսացուն ու հարսնացուն այդ օրը վերածվել են թագավորի ու թագուհու:

 

Իսկ մինչ այդ` խնամախոսություն

Հնում երիտասարդներն ավելի վաղ տարիքում են ամուսնացել։ Խնամախոսության առաքելությունը դրվել է փեսացուի ծնողների վրա, իսկ հավանած աղջկա հորից նրա ձեռքը խնդրել են բացառապես երեկոյան ժամերին։

«Սովորաբար գնացել են երեկոյան, որպեսզի մերժում ստանալու դեպքում խուսափեն խայտառակությունից։ Աղջկա ընտանիքը՝ որպես կանոն, առաջին խնամախոսության ժամանակ չի տվել համաձայնությունը՝ ինչ-որ վայելուչ պատրվակ բերելով։ Այլապես կարող էր թվալ, որ աղջկանից ուզում են շուտ ազատվել։ Այնպես որ, նույնիսկ ամենանախանձելի փեսացուները պետք է մի անգամ փորձեին բախտը»:Վերջապես ստանալով ընտանիքի համաձայնությունը՝ կողմերը պայմանավորվել են նշանադրության, հարսանիքի օրվա և հանդիսության այլ մանրամասների մասին։

Փեսացուի ընտանիքն իր վրա է վերցրել հարսանեկան բոլոր ծախսերը, ինչը լիովին տրամաբանական է համարվել։ Պողոսյանը բացատրում է`ընտանիքից, կոպիտ ասած, տարել են աշխատուժը և սերունդը շարունակողին, ուստի նման փոխհատուցումը լիովին արդարացված է տնտեսական տեսանկյունից։

Գյուղերում հարսանիքի են հրավիրել՝ ուղարկելով խնձոր կամ գինի։ Հատուկ հրավիրատոմսեր օգտագործվել են միայն 19-րդ դարի վերջին, քաղաքներում։

 

Հարսանիքից մեկ օր առաջ

Ուրախությունը սկսվել է հարսանիքի նախօրեին։ Ամբողջ գյուղը, ազգականները հավաքվել են հարսնացուի տանը և տոնական հաց թխել՝ լավաշ ու գաթա։ Պատրաստմանը պետք է մասնակցեին բացառապես ամուսնացած ու երջանիկ կանայք։ «Համարվել է, որ նրանց երջանկությունը կփոխանցվի հարսնացուին»

Վաղ առավոտից թոնրի մեջ կրակ են արել, մեծ թասի մեջ խմոր հունցել, գնդեր արել, որոնց վրա ալյուրով խաչ են արել։ Խմորն այն ժամանակ է համարվել հասունացած, երբ նկարը մասերի է բաժանվել։

Միաժամանակ ամբողջ գործընթացը պետք է ուղեկցվել է ուրախ երգերով։ Լավաշին հատուկ ուշադրություն է դարձվել, քանի որ այն խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանիքի օրը ապագա սկեսուրը, դիմավորելով նորապսակներին, նրանց ուսերին լավաշ է փռել` մաղթելով պտղաբերություն և գդալով մեղր հյուրասիրել, որպեսզի նրանց կյանքը մեղրի նման քաղցր լինի։Լավաշ թխելուց հետո անցել են քաղցր գաթա թխելուն։ Խմորը զարդարել են երկրաչափական և բուսական նախշերով։

 

Հարսանեկան սեղան և ոչ միայն

Հարսանեկան սեղանի ճաշատեսակները տարբեր են եղել տարբեր շրջաններում։ Այսպես, եթե մի տեղանքում խորովածը մատուցել են հաճարով փլավով, ապա մեկ այլ վայրում առանց դրա։

Սեղանն անպայման պետք է ճկվեր մրգերի ծանրությունից․ խնձորը կնոջ խորհրդանիշ է, տանձը՝ տղամարդու, նուռը՝ պտղաբերության։

Հարսանիքի օրը հարսնացուն պետք է նուռը գցեր գետնին․ որքան շատ հատիկներ դուրս թափվեին պտուղից, այնքան շատ զավակներ կունենար այդ կինը։

Հարսանեկան արարողությունից առաջ ընդունված էր ստուգել փեսացուի ուժը՝ առաջարկելով նրան ձեռքի մի հարվածով կոտրել կավե սափորը։Համարվել է, որ այդպես փեսացուն ոչ միայն ապացուցում է, որ պատրաստ է ամուսնանալ, այլ նաև վանում է չար ոգիներին:Հարսնացուն նույնպես պետք է նոր տան շեմին կոտրեր ափսե՝ չար աչքից պաշտպանվելու և չար ոգիներին քշելու համար։ Ի դեպ, այս ավանդույթը գործում է նաև մեր օրերում։

 

Հարսանեկան զգեստ

Հարսնացուի հարսանեկան զգեստը կարել են կարմիր ու կանաչ կտորից՝ եզերելով ոսկեգույն ժապավենաթելով։

«Փեսացուն և հարսնացուն մեկ օրով դարձել են թագավոր և թագուհի, ուստի նրանք պետք է անթերի հագնված լինեին, զգեստները պետք է կարված լինեին լավագույն կտորներից, իսկ զարդերը լինեին ոսկյա կամ արծաթյա՝ կախված ընտանիքի սոցիալական կարգավիճակից»

Կնոջ զգեստի կարմիր գույնը խորհրդանշել է կրակ, կիրք։ Տղամարդու հագուստի կանաչ գույնը խորհրդանշել է պտղաբերություն։ Հարսանեկան զգեստը լրացվել է գոտիով և գոգնոցով՝ ամուսնացած կնոջ հագուստի ատրիբուտներով։

Կարմիր կամ մանուշակագույն գոտին կարվել է մետաքսից, իսկ դրա վրա ոսկեգույն թելերով գրություն է արվել։

«Հուրախութուն նրա, ով կկապի»: Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք Գոգնոցը կարող էր ուրիշ գույնի լինել, բայց անպայման նախշերով, որոնք պետք է պաշտպանեին հարսնացուին չար աչքից։ Մեծ ուշադրություն է դարձվել հագուստի կրծքի հատվածի ասեղնագործությանը, զգեստի այդ մասը սովորաբար զարդարել է նախշազարդ սպիտակ կտոր։Հատուկ ուշադրություն են դարձրել գլխազարդին, որն իրենից ներկայացրել է մարգարտե շղթա՝ ոսկյա կամ արծաթյա մետաղադրամներով։ Հարսնացուն պետք է շատ զարդեր կրեր, որպեսզի քայլելիս դրանց զրնգոցը հեռացներ չար ոգիներին։

Փեսացուի հագուստը նույնպես պետք է կարված լիներ որակյալ կտորից։ Փեսացուի և հարսնացուի հարսանեկան շորերն օծում էր քահանան։Հարսանեկան տոնակատարությունը սկսվել է վաղ առավոտից և տևել մինչև արևամուտ։ Հարսնացուի հետևից գնացել են նվերներով և բարձր երաժշտությամբ։ Հարսնացուի ընտանիքը պետք է զսպվածություն ցուցաբերեր և այնպես չուրախանար, ինչպես փեսացուի կողմը։

Շքեղ ավտոմեքենաներ, երգիչներ` եկած օվկիանոսի այն կողմից. Պզոյի դստեր հարսանիքի տեսանյութը

Կիրառվել է նաև փրկագնի ավանդույթը։ Հարսնացուի եղբայրը թրով փակել է տան դուռը և նոր հարազատներին թողել միայն նրանից հետո, երբ փեսայի հայրը, քավորը կամ հենց փեսան փրկագին են վճարել։ Մեր օրերում այս ավանդույթը կիրառում են հարսին հայրական տնից հանելիս։

Հարսին ու փեսային առանձին են նստեցրել հարսանեկան սեղանի մոտ։






Նյութի սկզբնաղբյուր` armeniasputnik.am



9 views0 comments